ԿԳՄՍ Նախարարի նոր հրամանը. Դպրոցներում կարևոր փոփոխություններ են սպասվում

Քաղաքականություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից: Նոր կարգով դպրոցների կառավարման խորհուրդների համակարգում կտրուկ փոփոխություն է նախատեսվում: Մասնավորապես ներմուծվում է դպրոցների միացյալ և առանձին խորհուրդների գաղափարը, որը նոր մոտեցում է:

Որ դեպքում է կազմվում առանձին, որ դեպքում` միացյալ խորհուրդ: Համաձայն կարգի` հանրակրթական ուսումնական հաստատության խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով` իբրև առանձին հաստատության խորհուրդ` առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող դպրոցների դեպքում, իբրև միացյալ խորհուրդ` առավելագույնը երեք հաստատության համար: Առանձին խորհուրդը կազմվում է 9 անդամից, միացյալ խորհուրդը կարող է ունենալ առավելագույնը 19 անդամ:

Ովքեր և ինչպես են ձևավորում դպրոցների կառավարման խորհուրդները — Խորհրդի անդամներին առաջադրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, լիազորված մարմինը (մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան), մանկավարժական և ծնողական խորհուրդները, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը: Մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների առանձին խորհուրդներում ԿԳՄՍ նախարարն առաջադրում է մեկական, միացյալ խորհուրդներում՝ երկուական անդամ:

ԿԳՄՍ նախարարության ենթակայության հաստատություններում 4 անդամ առաջադրում է ԿԳՄՍ նախարարը, 1-ական անդամ՝ ՀՀ մարզերում համապատասխան մարզպետը, մայրաքաղաքում` Երևանի քաղաքապետը: Մարզային ենթակայության հաստատությունների առանձին խորհուրդներում մարզպետն առաջադրում է խորհրդի 4 անդամ, որից երկուսին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը: Միացյալ Կառավարման խորհրդի կազմում նախարարի, լիազորված մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի և ծնողական խորհրդի կողմից չի կարող առաջադրվել այն անձը,

որը միաժամանակ հանդիսանում է տվյալ ուսհաստատության աշխատակից: Հանրակրթական դպրոցի տնօրենը ևս չի կարող լինել խորհրդի կազմում: ԿԳՄՍ նախարարությունը, մարզպետը և Երևանի քաղաքապետն ուսումնական հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, ըստ ենթակայության, կազմակերպում և ապահովում են կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների ընտրություն: Խորհրդի առաջին նիստը վարում է տարիքով ավագ անդամը: Խորհրդի նախագահն ընտրվում է փակ քվեարկությամբ`

անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նիստերն արձանագրում է խորհրդի նախագահի կողմից առաջադրված և ձայների պարզ մեծամասնությամբ ընտրված քարտուղարը: Խորհրդի անդամի պարտավորությունները, լիազորությունները և դրանց դադարեցման հիմքերը սահմանվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով: Հավելենք, որ դպրոցի կառավարման խորհրդի կարևոր գործառույթներից են հաստատության տնօրենի ընտրությունը, ինչպես նաև հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակների, դպրոցի ծախսերի նախահաշվի և բյուջեի հաստատումը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.